9 տարվա պայքարից հետո վերականգնվեց բուժառուի տեսողությունը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
04.02.2026
Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում գրանցվել է բացառիկ բժշկական հաջողություն․ կենտրոնի բժիշկների բազմամյա և համակարգված աշխատանքի արդյունքում, մոտ ինը տարի անց վերականգնվել է բուժառու Արտաշես Կիրակոսյանի տեսողությունը։
Բուժման գործընթացը եղել է երկարատև և բազմափուլ։ Սկզբնական շրջանում Գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար Լիլիթ Ոսկանյանի կողմից իրականացվել է հակագլաուկոմատոզ վիրահատություն՝ «Ահմեդ» փականի իմպլանտացիայով, որի նպատակն էր կարգավորել ներակնային ճնշումը և պահպանել տեսողական նյարդը։
Հետագա փուլում Աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի բաժանմունքի վարիչ Արմինե Ղարաքեշիշյանի կողմից կատարվել է պլաստիկ վիրահատություն՝ ապահովելու կոպերի ճիշտ գործառույթը և կանխելու եղջերաթաղանթի հետագա վնասումը։
Բուժման վերջնական և վճռորոշ փուլը եղել է եղջերաթաղանթի փոխպատվաստումը, որն իրականացվել է Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի բժիշկ, պրոֆեսոր Աննա Հովակիմյանի կողմից։ Վիրահատությունն անցել է հաջողությամբ, ինչի արդյունքում Արտաշես Կիրակոսյանը տարիների ընթացքում առաջին անգամ կրկին ձեռք է բերել տեսողություն։
Հատկանշական է, որ բուժառուն քիմիական այրվածքի հետևանքով մոտ ինը տարի լիովին զրկված էր տեսնելու հնարավորությունից։
Վիրահատության ընթացքում Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում իրականացվել է բոստոնյան առաջին տեսակի կերատոպրոթեզավորում՝ արհեստական եղջերաթաղանթի փոխպատվաստում։ Պրոֆեսոր Աննա Հովակիմյանը նման բարդ վիրահատություններ իրականացնում է շուրջ 20 տարի։ Այս դեպքը առանձնահատուկ է նաև նրանով, որ այն կատարվել է Armenian EyeCare Project-ի շրջանակում Հայաստան ժամանած ԱՄՆ գործընկերների հետ համատեղ։
Կերատոպրոթեզը Հայաստան է բերվել ամերիկացի մասնագետների կողմից՝ որպես նվիրատվություն, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել այս բարձրարժեք և աշխարհում հազվադեպ իրականացվող վիրահատությունն իրականացնել բուժառուի համար լիովին անվճար։
Վիրահատությունից անմիջապես հետո պացիենտի մոտ արձանագրվել է տեսողության զգալի սրություն, ինչը նրան հնարավորություն կտա ինքնուրույն վարել իր կյանքը և վերադառնալ լիարժեք առօրյային։