Բլեֆարոպլաստիկա․ ի՞նչ է հարկավոր իմանալ
09.09.2026
Տարիքի հետ մաշկը կորցնում է իր առաձգականությունը, իսկ կոպերի հյուսվածքներն ու մկանները՝ թուլանում։ Արդյունքում՝ վերին և ստորին կոպերի հատվածում ավելցուկային մաշկն ու ճարպային հյուսվածքը ավելի արտահայտիչ են դառնում՝ առաջացնելով կոպերի կախվածություն, աչքերի տակ պարկեր և հոգնած տեսք։
Բլեֆարոպլաստիկան՝ կոպերի պլաստիկ վիրահատությունը, այն միջամտությունն է, որը լուծում է վերը նշված խնդիրները։ Էսթետիկ վիրաբուժության այս տեսակը հնարավորություն է տալիս հեռացնել կամ վերադիրքավորել ավելցուկային մաշկն ու ճարպային հյուսվածքները, ինչն իր հերթին նպաստում է աչքերի գեղեցկության ընդգծմանը։ Որոշ դեպքերում այս միջամտությունը կարող է կիրառվել նաև տեսողությունը բարելավելու նպատակով, եթե կոպերի կախված մաշկը խոչընդոտում է տեսադաշտին։
Ե՞րբ է կատարվում բլեֆարոպլաստիկան
Կոպերի վիրահատությունը կարող է դիտարկվել վերին կամ ստորին կոպերի արտահայտված փոփոխությունների դեպքում։ Առավել տարածված պատճառներից են՝
- վերին կոպերի ավելցուկային կամ կախված մաշկը,
- ստորին կոպի հատվածում մաշկի ավելցուկը,
- աչքերի տակ առկա արտահայտված պարկերը,
- կոպերի՝ տարիքային փոփոխությունները,
- տեսադաշտի սահմանափակումը՝ պայմանավորված վերին կոպի կախված մաշկով։
Վիրահատության անհրաժեշտությունը որոշվում է անհատական գնահատման միջոցով։ Մասնագետը հաշվի է առնում ոչ միայն արտաքին փոփոխությունները, այլև աչքերի և պացիենտի ընդհանուր առողջական վիճակը։
Ինչպե՞ս է իրականացվում բլեֆարոպլաստիկան
Կոպերի վիրահատությունը սովորաբար իրականացվում է ամբուլատոր պայմաններում։ Միջամտությունը տարբերակվում է՝ կախված շտկում պահանջող հատվածից՝ վերին կոպ, ստորին կոպ կամ երկուսն էլ։
Վերին կոպի բլեֆարոպլաստիկայի ժամանակ կտրվածքն արվում է կոպի ծալքի երկայնքով, ինչի շնորհիվ մնացող սպին գրեթե աննկատ է լինում։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է մաշկի, մկանային և ճարպային հյուսվածքների հեռացում։
Ստորին կոպի վիրահատությունը կարող է իրականացվել երկու եղանակով՝ կտրվածքը կատարվում է կա՛մ թարթիչների տակ, կա՛մ կոպի ներքին մակերեսին։ Ընտրությունը կախված է կիրառվող տեխնոլոգիայից և պացիենտի վիճակի առանձնահատկություններից։ Ստորին կոպի ձգման տարբերակներից մեկը ճարպային կուտակումների հեռացումն ու վերաբաշխումն է՝ պարկիկներն ու անհարթությունները վերացնելու նպատակով։
Ս․ Վ․ Մալայան ակնաբուժական կենտրոնում իրականացվում են կոպերի և ակնաշարժ համակարգի տարբեր հիվանդությունների ու խնդիրների վիրաբուժական բուժում և ուղղում։ Կենտրոնում կատարվում են ինչպես բլեֆարոպլաստիկա, այնպես էլ կոպի բնածին և ձեռքբերովի պտոզի ուղղում՝ ժամանակակից վիրաբուժական մեթոդների կիրառմամբ։